Թագուհին այս վկայության մեջ ոչ թե մեծարյալ պաշտոն է, որ ունենում են մեծ պետությունների թագավորների տիկնայք, այլ մի արցախցի կնոջ անուն է, որ ազատների, այսինքն` ոչ ծառաների դասին էր պատկանում։
Այս պատմության դրվագը քաղեցինք Ղևոնդ Ալիշանի «Արցախ» գրքույկից։
Իրադարձությունները հաջորդել են սուրբ Մեսրոպ Մաշտոցի մահվանը, երբ նրա աշակերտներն իրենց վարդապետի ննջումից շատ չանցած որոշում են գնալ Երուսաղեմ։ Այնտեղ, տերունական սրբավայրերում աղոթելուց ու երկրպագելուց հետո, վերադարձին իրենց հետ են վերցնում սրբերի նշխարներ ու բազում սուրբ սպասքներ ու հետդարձի ճամփան բռնում։ Մեծկունիքի ձորի կիրճում նրանք բաժանվում են երկու խմբի, որոնցից մեկը նստում է այն տեղում, որ Աստղաբլուր է կոչվում, իսկ երկրորդ գունդը վրան է խփում Տրտու գետի ափին։
Այստեղ էլ նրանք ուխտով որոշել էին հանդիպելուց հետո սուրբ Զատկի տոնը կատարել։
Բայց եղավ այնպես, որ հոները մեծ հրոսակախմբով ասպատակեցին ՈՒտիքը։ Լսելով այս մասին` գնդերից մեկը բոլոր նշխարները ամփոփում է արծաթյա երկու տուփերում, թաքցնում հողում։ Դրանից շատ չանցած նրանք հանդիպում են հոների բանակին ու սրատվում են։ ՈՒ վայրենաբարոները գտնում են արծաթյա սպասքները, իսկ սուրբ նշխարները խառնիխուռն ցրում են բլրի վրա, որտեղ և նահատակում են այդ խմբի ավագին՝ երանելի քահանա Աթանասին, իսկ մնացածներին գերում են ու արգելափակում։ Գերիների մեջ էր նաև ՈՒտիքի գավառից Թագուհի անունով մի կին։ Նա գեղեցիկ էր։ Հոների զորավարը կամենում է նրան կնության առնել։ Ասպատակությունների ավարտից հետո բոլորին հավաքելով Աստղաբլուր կոչվող վայրում, այնտեղ իր սպասավորների հետ աղաչանքով, սպառնալիքներով հորդորում են այդ կնոջը` կամովին հնազանդվել զորավարին։ Բայց երբ ոչ մի կերպ չեն կարողանում համոզել, այդ ժամանակ կապում են նրա ձեռքերը հետևում ու մազերից բռնած քարշ են տալիս անտառի սուր փշերով մացառների միջով։ Խփում են նրա դեմքին ու մարմինն ամբողջովին պատառոտում։ ՈՒ երբ Թագուհին էլի մնում է անհնազանդ անօրենի կամքին, սրով կտրում են նրա գլուխը։
Դրանից հետո այդ նույն գիշերը, երբ հոներն իրենց զորավարի հետ զվարճանում էին խրախճանք անելով, հանկարծ Տիրոջ կողմից մի զարմանալի նշան է երևում նրանց։ Բոլորն իրենց աչքերով տեսնում են, որ մի լույս է ծագել այն նույն տեղում, որտեղ նահատակվել էր երանելի Թագուհին, իսկ անտառում ցրված նրա հագուստի ծվենները աստղերի նման փայլփլում էին ու երկար ժամանակ աստղանման լույս սփռում շրջապատում։ Մարդկանց բազմությունը, որ ականատես եղավ այդ հրաշքին, այդ տեղը Աստղաբլուր անվանեց, ու այդպես էլ կոչվում է մինչ օրս։ Դրանից հետո մեծ ահ է ընկնում հոների բանակում։ Զորավարն իր մոտ է կանչում գերված խմբի քահանաներին ու նրանցից լսում է Աստծո Քրիստոսով փրկության ճանապարհի մասին, որի կենդանի վկան եղավ նահատակ Թագուհին։ Զորավարը հավատում է կենդանի Աստծուն, և հրամայում է հավաքել սրբերի ցրված նշխարները, փաթաթել մաքուր կտավով ու թաղել բլրակում։
Հավատացյալ զորավարը, մկրտվելով քահանայի ձեռքով, կոչվեց Թեովփիլոս, որ Աստվածասեր է թարգմանվում, հետո արձակեց բոլոր գերիներին, որոնք իրենց տները վերադարձան։ Հոների թագավորը լսելով այս մասին, կանչում է նրան իր երեսուն զինվորների հետ, ու նահատակում է բոլորին` քրիստոնյաների հավատն ընդունելու համար։
Դարուկես անց, քաջ Ջիվանշիրի իշխանության ժամանակ, Իսրայել անունով մի հոգեկիր մարդ, երբ ճգնում էր Աստղաբլուրի մոտ, տեսիլքով իմանում է այդտեղ թաքցրած սուրբ նշխարների մասին, գնում հայտնում է Դավիթ կաթողիկոսին։ Նրա հրամանով գնում, գտնում են թաքցրած նշխարներն ու մեծ ուրախությամբ բերում են հայրապետական նստավայր։
Այս գրվեց ամենքիս համար որպես հոգեշահ խոսք, որ ամուր մնանք մեր սուրբ նախնիների հավատի մեջ, ու մեր չափի մեջ հավատարիմ վկաներ լինենք այս անհավատ դարի մարդոց որդիների մեջ։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ